Կալիֆորնիական Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններում հաղթել են Վարդան Կարպետյանն ու Փոլա Դեվայնը, որոնց թեկնածությունը սատարում էր ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տեղական կառույցը: Ըստ «Asbarez» պարբերականի, խորհրդի վաղեմի անդամ Դեյվ Ուիվերը կորցրել է տեղը:
Կարպետյանը հինգ հոգանոց քաղաքային խորհրդի երրորդ հայ անդամն է դարձել: Ամերիկահայ մյուս թեկնածուն՝ Էրիկ Եսայանը, որն առաջին անգամ էր առաջադրվել, ընտրություններում երրորդ տեղն է զբաղեցրել, սակայն խորհրդում միայն երկու անդամի թափուր տեղ կար:
Գլենդելի միացյալ դպրոցական շրջանում հաղթել են Հայ դատի հանձնախմբի կողմից աջակցություն վայելող թեկնածուներ Նաիրի Նահապետյանն ու Ջենիֆեր Ֆրիմոնը:
Իսկ Գլենդելի Համայնքային քոլեջի խորհրդի ընտրություններում վերընտրվել են երկու թեկնածուներ՝ Թոնի Տարտալյան եւ Վահե Փերումյանը:





























