Ամերիկյան «The New York Times» պարբերականը «Travel» բաժնում հրապարակել է լրագրող եւ ճանապարհորդ Սեթ Կուգելի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության մասին: «Ջերմ ընդունելություն կովկասյան լեռներում» վերնագրով հոդվածում հեղինակը տպավորություններն է ներկայացրել եւ պատմել, թե ինչպես է ժամանակ անցկացրել Արցախի Հանրապետությունում:

«Ընդհանուր առմամբ, տարածաշրջանն անվտանգ է համարվում ճանապարհորդների համար, որոնք, իհարկե, պետք է հեռու մնան լարված արեւելյան սահմանից»,- գրել է Կուգելը:

Նա նշել է, որ Արցախում հանգիստը լավագույն տարբերակն է սահմանափակ բյուջե ունեցող ճանապարհորդների համար. «Հանգստյան օրերի համար 47 հազար դրամ ծախսեցի (շուրջ 100 դոլար): Այդ գումարի կեսը ծախսեցի Երեւանից Արցախ եւ հակառակ ուղղությամբ տաքսիով վեց ժամ տեւողությամբ ճանապարհի համար»:

Ճանապարհորդն ուշադրություն է հրավիրել արցախցիների հյուրընկալության եւ հայրենասիրության վրա ու պատմել, թե ինչպես է խաղողի օղի եւ ավանդական «ժենգյալով հաց» համտեսել. «Խոհարարն ու միաժամանակ սեփականատերն ասաց, որ այդ լոշիկի մեջ 11 տեսակի կանաչի կա»:

Կուգելը շարունակել է, որ շուկա գնալուց հետո իրեն Շուշի են տարել: Հեղինակը նշել է, որ քաղաքի մզկիթները լավ վիճակում են եւ հավելել, որ «դրանցից մեկը հայերն են վերականգնել»:

«Մեկուկես օրը չափազանվ քիչ է՝ ամբողջ երկիրը տեսնելու համար»,- ամփոփել է Սեթ Կուգելը: