Ապրիլի 7-ին ձերբակալված՝ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին այսօր՝ ապրիլի 9-ին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է «Հիմնադիր Խորհրդարանի» մամուլի ծառայությունը:
Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։
Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։
Այժմ զուգահեռ ընթանում են Գարեգին Չուգասզյանի և Գևորգ Սաֆարյանի հարցաքննությունները։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը 06:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարանի» շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն իրականացրել: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։
Ավելի ուշ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը եւ Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել են։
Իր հերթին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:





























