Միացյալ Նահանգների Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում անհայտ զանգը օգնել է ոստիկաններին ձերբակալելու մեքենայից գողություն կատարելու մեջ կասկածվող անձին։
GlendaleNewsPress-ի փոխանցմամբ, 37-ամյա Արմեն Կարապետյանը ձերբակալվել է երեկ։ Ոստիկանությունը տարածել էր հունվարին կատարված դեպքի տեսագրությունը, եւ անհայտ անձը ճանաչել է նրան։ Այս տարվա հունվարի 20-ի երեկոյան, ժամը 10։45-ի սահմաններում Կարապետյանը անձը չպարզված տղամարդու հետ արծաթագույն Լեքսուս մեքենայով կայանել էր մի մեքենայի կողքին։ Կասկածյալները դուրս էին եկել մեքենայից, եւ Կարապետյանը ինչ-որ առարկայով կոտրել էր կանգնած մեքենայի ապակին։ Ապա հանցակիցները մտել էին մեքենայի մեջ եւ կարեւոր իրեր գողացել, այդ թվում անձնական տվյալներով պայուսակ։
Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչ Թահնի Լայթֆութի խոսքով, ոստիկանություն զանգահարողը հայտնել է, որ տեսագրության մեջ սպիտակ բաճկոնով տղամարդն ապրում է մի հասցեում, որը գողության վայրից կես մղոն հեռավորության վրա է գտնվում։ Ոստիկանությունը խուզարկել է Կարապետյանի տունը, գտել տեսանյութում առկա բաճկոնը։ Գողացված իրերը, սակայն, չեն հայտնաբերվել։ Հետաքննությունը շարունակվում է, այժմ որոնում են նրա հանցակցին, որը մոտ 20 տարեկան է։





























