Թուրքիայից տուժած երկրների խորհրդարանները պետք է միասնական լինեն արդարության համար պայքարում։ Այս մասին ապրիլի 10-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր են կատարվել։ Հունաստանն ու Կիպրոսը վաղուց ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ վերջին օրենք ընդունվեց դրա ժխտումը քրեականացնելու վերաբերյալ։ ՀՀ խորհրդարանը նույնպես վերջերս Օսմանյան կայսրության տարածքում ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունեց։ «Սակայն ձեռք բերածով բավարարվել չի կարելի։ Անհրաժեշտ է պայքարի մեջ ներգրավել երկրները, որոնք իրենց կաշվի վրա են զգացել, թե ինչ է նշանակում ապրել Թուրքիայի իշխանության տակ։ Դա Բուլղարիան է եւ ինչու ոչ՝ Սերբիան։ Մեր խորհրդարանները պետք է ընդհանուր գործողությունները համակարգող մարմին ստեղծեն»,- հավելել է Հակոբյանը։
Նշենք ,որ Բուլղարիան մինչ օրս չի ճանաչել ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ 1913թ. Օսմանյան կայսրությունում Թրակիայի բուլղարների դեմ իրականացրած սեփական ժողովրդի ջարդերը։




























