Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանին մի շարք առավելություններից օգտվելու հնարավորություն է տալիս։ Այս մասին գրում է «The Washington Times»-ը: Չնայած նրան, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը բավականին ձգձգվեց, սակայն դրանք կարգավորելու պատմական պահանջը իր մեջ տարածաշրջանի ուժերի բալանսի փոփոխության պոտենցիալ ունի, նշում է հոդվածի հեղինակը։ Մասնավորապես, այն Հայաստանին հնարավորություն կընձեռեի անկախանալ Ռուսաստանից։

«Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է 1993 թվականին, այն բանից հետո, երբ հայկական զինված ուժերը գրավեցին որոշ տարածքներ: Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, ցամաքով շրջապատված Հայաստանը մեծ հնարավորություն կունենա Միջերկրական եւ Սեւ ծովերի նավահանգիստների միջոցով առեւտրային գործունեություն իրականացնել։ Այդկերպ նա ավելի քիչ կախվածություն կունենա ռուսական տանզիտից»,- Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի քաղաքական վերլուծաբան Մաշա Լիպմանի խոսքն է մեջբերել թերթը: Լիպմանը նաեւ հավելել է. «Հայաստանը թույլ երկիր է՝ շրջապատված ոչ բարեկամ հարեւաներով։ Դա է պատճառը, որ Հայաստանը հանձինս Ռուսաստանի գտել է իր պաշտպանին, բայց չեմ կարծում, որ դա երկար տեւի։ Կարծում եմ, որ Հայաստանը, ինչպես մյուս երկրները, կարող է փոխել իր գաղափարախոսությունը»:

Ապրիլին հայ եւ թուրք դիվանագետները հայտարարեցին, որ երկու տարվա գաղտնի բանակցությունները նախապայման էին երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի համար, որն իր մեջ ներառում էր սահմանների բացումը, ինչպես նաեւ թուրք եւ հայ փորձագետների հանձնաժողովի ստեղծումը՝ Օսմանական Թուրքիայի կողմից կատարած ցեղասպանությունը քննարկելու համար: Լիպմանի խոսքով, եթե դա ճիշտ է,ապա Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների բարելավման գործընթացը պետք է, որ երկար տեւի, որի միայն սկիզբն է երեւում:

Հայաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի հետ մտերմիկ հարաբերություններ ունի, իսկ Իրանը ընդլայնել է իր տնտեսական կապերը այդ փոքրիկ պետության հետ: Լիպմանի կարծիքով,այդ հարաբերությունները պայմանավորված էին անհրաժեշտությամբ: Եթե հայ-թուրքական սահմանները բացվեն, դա Հայաստանի զարգացման, ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը ինտեգրվելու համար լավ նախապայման կլինի: Բացի այդ, Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ պետություն՝ էներգակիրների փոխադրման համար, ինչպես իր հյուսիսային հարեւան Վրաստանը: