Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2015 թվականի փետրվարի 14-ին քաղաքացի Դ.Գրիգորյանը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ 2015 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի ինտերնետ ակումբներից մեկում անհայտ անձը, չարաշահելով իր վստահությունը, վերցրել է իր բջջային հեռախոսը եւ հեռացել անհայտ ուղղությամբ՝ այդպիսով հափշտակելով այն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով:
Պարզվել է, որ աղջկա բջջային հեռախոսը վերցրած անձը նշված ինտերնետ ակումբի մշտական հաճախորդներից է, ում անունը Էրիկ է: Տուժողը նախաքննական մարմնին է ներկայացրել լուսանկարներ եւ հայտնել, որ դրանցում պատկերված անձն է՝ հանցավոր արարքի ենթադրյալ կատարողը:
Հանձնարարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ պարզել տուժողի կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված անձի ինքնությունը եւ ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։ Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:





























