Մի քանի ամսից կավարտվի Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոյի առաքելության ժամկետը: «Սեպտեմբերին կլրանա 5 տարին, որ ես Հայաստանում Ուկրաինայի դեսպանն եմ: 5 տարի քաղաքականության մեջ լինելը բավական մեծ ժամկետ է: Ես հիշում եմ, թե ինչպես իմ հավատարմագրերը հանձնեցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ սեպտեմբերին հետկանչագիրը կհանձնեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին»,- հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բոժկոն:

Նրա խոսքով, վերջին 5 տարում շատ բան է փոխվել: «Մենք տարբեր իրադարձությունների ականատես դարձանք. Սկսած միջազգային ճգնաժամից մինչեւ ռուս-վրացական պատերազմ»,- նշեց դեսպանը:

Հայ-ուկրաինական հարաբերություններում ամենակարեւոր ասպեկտը Բոժկոն համարում է տնտեսական համագործակցությունը: «2005-ին ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջեւ կազմել է 118 մլն դոլար, իսկ արդեն 2008-ին այդ թիվը հասել է 310 մլն դոլարի: Դա վկայում է Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ տնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացման մասին»,- ընդգծեց Բոժկոն՝ հավելելով, որ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը գործադրել է բոլոր ջանքերը` վերջին ճգնաժամի հետեւանքները չեզոքացնելու ուղղությամբ: