Այս պահին մեղադրանք է առաջադրվում Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Արամ Հակոբյանին, որը ձերբակալվել էր ապրիլի 7-ին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեգ Ինիգոմշյանը։

«Մեղադրանք առաջադրելուց հետո քննչական մարմինը կդիմի դատարան, որպեսզի նրան կալանավորեն եւ ամենայն հավանականությամբ կալանքի որոշում կլինի»,-ասաց նա։

 Նշենք, որ Արամ Հակոբյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, այն է՝ ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը 06:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարանի» շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն իրականացրել: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։

Ավելի ուշ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը եւ Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել են։

Իր հերթին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: