Ալեքսանդր Թամանյանի տուն-թանգարանի տնօրեն Ալեքսանդր Թամանյանը, որ նաեւ ճարտարապետի տոհմից է, այն կարծիքին է, որ ՀՀ Ազգային ժողովի ներկայիս շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը, իր ճարտարապետական կոնստրուկցիայով հակասում է թամանյանական նախագծի գլխավոր գաղափարախոսությանը, այն է՝ շինությունները պետք է կողմնորոշված լինեն դեպի Արարատը:
«Կարմիր գաղափարախոսության պատճառով թամանյանական գաղափարախոսությունը միտումնավոր խեղաթյուրվեց։ Օրինակ, Բաղրամյան պողոտայի վրա Ազգային ժողովի շենքը մեջքով դեպի Արարատն է»,- ասաց Ա. Թամանյանը։ Նա նաեւ նշեց, որ վերջին շրջանում կառուցված շինություններից թամանյանական գաղափարախոսությունը պահպանվել է Հյուսիսային պողոտայում, որը նույնպես «դեմքով» դեպի Արարատն է։
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ իր հերթին նշեց, որ Թամանյանը նախագծել էր կանաչ քաղաքի հատակագիծ, քանի որ Երեւանն ունի կոնտինենտալ կլիմա՝ ամռանը շատ շոգ է, իսկ ձմռանը՝ շատ ցուրտ։ Այդ պատճառով կանաչ տարածքներն ու այգիները Երեւանին պետք են օդի ու ջրի պես, այնինչ այսօր դրանք գնալով պակասում են։




























