ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2015 թվականի ապրիլի 4-ին հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքներով Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ Կ.Մոսինյանը:

Տուժած քաղաքացին ապրիլի 5-ին հաղորդում է տվել, որ 2015 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 22:30 սահմաններում, իր ավտոմեքենայով Բագրատաշենի անցակետից Երեւան մեկնելիս անծանոթ մեկը՝ Արթուր անունով, խնդրել է իրեն տեղափոխել Դիլիջան: Իջեւան քաղաքի ճանապարհին Կ.Մոսինյանը կանգնեցրել է ավտոմեքենան՝ այն նորոգելու համար: Ուղեւոր Արթուրը եւ իրենց մոտեցած անծանոթ անձը բռնության գործադրմամբ ավտոմեքենայի միջից հափշտակել են երկու հեռուստացույց եւ վրացական լարի:

Կ.Մոսինյանը հայտնել է նաեւ, որ գլխին ստացված վնասվածքներն առաջացել են զենքին նմանվող առարկայի հարվածից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով:

Կ.Մոսինյանը ճանաչվել է որպես տուժող եւ հարցաքննվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: