Ադրբեջանում կալանավորը կտրել է իր ականջը եւ կուլ տվել այն:

haqqin.az-ի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ առաջ տեղեկություններ էր տարածվել, որ Քյուրդահանի քննչական մեկուսարանում կտրել են 33-ամյա կալանավոր Հյունյար Ջաֆարովի ականջը:

Մեկնաբանելով տեղեկությունը՝ Քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունում հերքել են կալանավորի ֆիզիկական ճնշման եւ կտտանքների եմթարկվելու փաստը: Համաձայն տեղեկությունների, երեք անգամ դատապարտված  1982թ. ծնված Հյունյար Ջաֆարովը առաջին անգամ կալանավորվել է թմրանյութերի օգտագործման եւ առեւտրի մեղադրանքով: Երկրորդ անգամ Ջաֆարովը դատապարտվել է զորամասը կամավոր լքելու համար: Իսկ երրորդ անգամ դատապարտվել է թմրանյութերի պահպանման եւ մաքսանենգության համար: Չորրորդ անգամ Ջաֆարովը նույնպես դատապարտվել է Թմրանյութերի առեւտրի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից՝ թմրանյութ օգտագործելու համար:

Դատարանի վճռից հետո Ջաֆարովը դիմել է վերաքննիչ դատարան: Սակայն դատարանը շրջանային դատարանի վճիռը բեկման չի ենթարկել:

Դատարանի վճռից դժգոհ Ջաֆարովը, ի նշան բողոքի եւ քննության վրա ճնշում գործադրելու նպատակով, կրակայրիչի մետաղական մասով կտրել է ականջի մի մասը: Սակայն, ի տարբերություն հայտնի  Վինսենթ Վան Գոգի, կալանավորված Ջաֆարովը ցուցադրաբար կուլ է տվել կտրված ականջը:

Քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունում նաեւ նշել են, որ սա առաջին դեպքը չէ, երբ կալանավորներն իրենց բողոքն արտահայտում են նման բարբարոս եղանակով: