Ամեն տարի ողջ աշխարհի հայությունը  ավելի քան 20 երկրների, այդ թվում՝ Կանադայի, Շվեդիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Արգենտինայի եւ Ռուսաստանի կառավարությունների հետ միասին  հիշում է Ցեղասպանության զոհերին։ Սակայն ԱՄՆ-ն, որտեղ բնակվում է մեծությամբ 2-րդ հայկական համայնքը, չի անում դա։

Այդ մասին  Quartz կայքում հրապարակած հոդվածում գրել է Ջեյք Ֆլենգենը։

«Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչն է զսպում ԱՄՆ-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պատասխանը շատ պարզ է՝ Թուրքիայի Հանրապետությունը։ Օսմանյան կայսրության իրավահաջորդը տասնամյակներ շարունակ սկզբունքորեն ժխտում է  Հայոց ցեղասպանությունը՝ նախընտրելով այդ իրադարձությունները ներկայացնել Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքով առաջ եկած ընդհանուր քաոսի մի մաս»,- գրում է Ֆելնգենը իր հոդվածում, որը լույս է տեսել «Ամերիկացի առաջնորդները ավելի շուտ կանեն ամեն բան, որպեսզի Թուրքիան երջանիկ լինի, քան թե կճանաչեն Հայոց ցեղասպանությունը» վերնագրով։

Հեղինակը հիշատակում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին փաստաթղթերը, որոնք ներկայացվել են ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի, որտեղ նշվում է ԱՄՆ ղեկավարության համառ լռությունը այդ հարցում։ «Միեւնույն ժամանակ բարդ չէ պարզել, թե ինչու դա տեղի չի ունենում։ Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում ԱՄՆ գործողությունների բնույթը,  Հայոց ցեղասպանության ճանաչումը Սպիտակ տան կամ Պետդեմի առաջնայնություններից չէ, քանի որ Թուրքիան տարածաշրջանում առանցքային դեր է խաղում»,- գրում է Ֆլենգենը։

Հեղինակը մեջբերում է Իլինոյս նահանգի կոնգրեսական Ռոբերտ Դոլդին՝ Ցեղասպանության ճանաչման բանաձեւի հեղինակներից մեկին։ «Մենք չենք կարող նման կարեւոր բանը քաղաքականություն խաղալու առարկա դարձնել։ Դա մեր պարտքն է ոչ միայն հայերի, այլ ողջ մարդկության  հանդեպ»,- կարծում է Դոլդը։

Դաշնային մակարդակով Ցեղասպանության ճանաչումը ապագայում նման վայրագությունների կանխումն է։ «Եթե մենք իրոք ցանկանում ենք հավատալ «այլեւս երբեքին», ապա պետք է ճանաչենք այն, ինչ տեղի է ունեցել»,- վստահ է Դոլդը։