Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի տեղեկացմամբ՝ Ալեքսանդր Թամանյանը Երեւանի գլխավոր հատակագիծը նախագծել էր այնպես, որ Գլխավոր պողոտան անցնի Զանգվի ձորով, որպեսզի այդ գեղեցիկ լանդշաֆտը ինտեգրվի քաղաքին։ Սակայն 50-ական թթ. Երեւանի գլխավոր հատակագիծը փոփոխությունների է ենթարկվեց, որի արդյունքներից մեկն էլ այն եղավ, որ Գլխավոր պողոտան այլ տեսք ստացավ, իսկ օղակաձեւ զբոսայգին չհասցվեց իր տրամաբանական ավարտին՝ չօղակեց Երեւանի կենտրոնը։

Ճարտարապետի կարծիքով՝ այլ քաղաքներում Հրազդանի կիրճը կդարձնեին մարգարիտ, իսկ Երեւանում այն դարձել է քեֆչիների կենտրոն, ուր առավոտից երեկո կարելի է ռաբիս երաժշտություն լսել։ Պատճառներից մեկն էլ, ըստ ճարտարապետի, այն է, որ բարձրաստիճան պաշտոնյաների ասածն ավելի որոշիչ է, քան Երեւանի շահերը։ Դրա հետեւանքով է, օրինակ, որ Երեւանի կենտրոնում կառուցապատման խտությունը անթույլատրելի բարձր է. շենքեր են կառուցվում անգամ դպրոցների անմիջական հարեւանությամբ՝ խոչընդոտելով դասասենյակների լուսավորությանը։ Այդպիսի շինություն է ի հայտ եկել, օրինակ՝ Չարենցի դպրոցի հարեւանությամբ։