Վաղը` հուլիսի 28-ին Մյունխենում կմեկնարկի հրաձգության աշխարհի 50-րդ, հոբելյանական առաջնությունը:
Մարիենպլացում կայանալիք բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցի նաեւ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն: Մրցումները տեղի կունենան 1972-ի Օլիմպիական խաղերի հրաձգարանում:
Նշենք, որ Հրաձգության միջազգային ֆեդերացիայի կենտրոնական գրասենյակը գտնվում է հենց Մյունխենում: Աշխարհի առաջնությունում կվիճարկվեն նաեւ 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի առաջին ուղեգրերը: Հրաձգության օլիմպիական մրցաշարի 390 մասնակիցներից 69-ը հայտնի կդառնան արդեն Մյունխենում, որտեղ կրակագիծ դուրս կգան 90 երկրների 2400 մարզիկներ: Չորս պատվիրակ ունի նաեւ Հայաստանը: Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Նորայր Բախտամյանը, Ռոմիկ Վարդումյանը, Անդրանիկ Փիլոսյանը եւ Նորայր Առաքելյանը: Առաջնությունը կավարտվի օգոստոսի 11-ին:




























