ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի հովանու ներքո դեսպանությունում ապրիլի 10-ին տեղի ունեցավ Մեթյու Կարանյանի «Պատմական Հայաստանը 100 տարի անց» անգլերեն գրքի շնորհանդեսը: Գրքում ամբողջացված են վերջին գրեթե քսան տարվա ընթացքում Մեթյու Կարանյանի կողմից Վանում, Անիում, Կարսում եւ պատմական Արեւմտյան հայաստանի այլ շրջաններում կատարված հայկական հուշարձանների 125 լուսանկարներն ու դրանց պատմությունը:

Մեթյու Կարանյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց մի շարք մանրամասներ իր հետազոտությունների, 1915թ. Ցեղասպանությունից առաջ եւ հետո տարբեր հայկական հուշարձանների պատմության, ինչպես նաեւ տեղի բնակիչների հետ իր ունեցած շփումների մասին: Գրքում հեղինակն առանձնահատուկ անդրադառնում է իր հանդիպած հայերի կամ հայկական արմատներ ունեցող մարդկանց պատմությանը: Մեթյու Կարանյանն իր գիրքը նվիրել է իր երկու տատերին եւ բոլոր հայ կանանց, ովքեր վերապրել են Ցեղասպանության անմարդկային զրկանքները եւ այնուհետեւ իրենց մեջ ուժ գտել` վերստեղծելու հայկական համայնքները Հայաստանից դուրս եւ ապահովելու հաջորդ սերունդների հայկական ինքնության պահպանումը: