Ապրիլի 10-ին պաշտոնական այցով Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Հռոմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ նախագահի այցելությունը կնպաստի հայ-իտալական փոխգործակցության ամրապնդմանը եւ ընդլայնմանը: Հայաստանի եւ Իտալիայի արտգործնախարարները համակարծիք էին, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար լավ հիմք են հանդիսանում երկու ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու փոխադարձ բարեկամության ավանդույթները։
Հայաստանի եւ Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, բազմակողմ ձեւաչափերում փոխգործակցության սերտացմանը, երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացմանը վերաբերող հարցերին:
Էդվարդ Նալբանդյանն իր իտալացի գործընկերոջը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում եւ ողջ աշխարհում կազմակերպվելիք միջոցառումները՝ ընդգծելով, որ այս խորհրդանշական տարելիցը առավելագույնս պետք է ծառայի՝ հետագայում ցեղասպանությունները կանխելու կարեւոր առաքելությանը, որի ուղղությամբ Հայաստանը ակտիվ ջանքեր է գործադրում: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած ցեղասպանության կանխարգելման բանաձեւը Իտալիայի կողմից համահեղինակելու համար։
Հանդիպման օրակարգում էին Հայաստան – ԵՄ համագործակցության հարցերը:
Նախարարներն անդրադարձան միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների: Էդվարդ Նալբանդյանը Պաոլո Ջենտիլոնիին ներկայացրեց Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:




























