Ապրիլի 11-ին պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Սամիր Մոքբելի եւ զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժան Քահվաժիի հետ:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն այցելելու է նաեւ ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ընդգրկված հայ խաղաղապահներին եւ հանդիպելու է առաքելության մասնակցող ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյի հետ:

Նախատեսվում են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի եւ  Լիբանանում գործող հայկական եկեղեցիների հոգեւոր առաջնորդների, լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: