Ապրիլի 11-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեցին Մասիս քաղաքի սուրբ Գեւորգ եկեղեցու բակում տեղադրված խաչքարի հանդիսավոր օծման արարողությանը, որն իրականցվեց Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ: Խաչքարը նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Այն կանգնեցվել է եկեղեցու բարերար, մոսկվայաբնակ հայ գործարար Գագիկ Ադիբեկյանի հովանավորությամբ: Միջոցառումներն իրականացվում են «Հիշում ենք, շնորհակալ ենք, հավատում ենք ապագային» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը եւ Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը:

Օծման արարողությունից հետո բացման խոսքով հանդես եկավ «Adibekyan Family Foundation for Advancement» (AFFA) բարեգործական հիմնադրամի նախագահ, գործարար Գագիկ Ադիբեկյանը: Նրա խոսքով՝ նման միջոցառումներն ապացույցն են առ այն, որ հայ ժողովուրդը հիշում եւ հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Մենք ցանկանում ենք կրթել եւ դաստիարակել մի սերունդ, որը կլինի հայրենաճանաչ եւ պահանջատեր: Ծրագրի 2-րդ մասի համաձայն, խաչքարի տեղադրումից հետո նախատեսվում է Մասիսի Կենտրոնական հրապարակում կառուցել Եղեռնի զոհերի հիշատակը խորհրդանշող եւ հավերժացնող պուրակ, որտեղ տեղադրված կինեն այն պետությունների խորհրդանիշերը, որոնք պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակեց Գագիկ Ադիբեկյանը:

Խաչքարի օծման արարողությունից հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քայլերթին: