ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երեկ` հուլիսի 26-ի երեկոյան Աֆղանստանից վերադարձել է Երեւան: Հետդարձի ճանապարհին, Ուզբեկստանի Թերմեզի օդանավակայանում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարար պարոն Ֆշավկաթ Տուրսուն Նորմատովի հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ ռազմական համագործակցության ներկա վիճակը եւ զարգացման հնարավորությունները:
Գերմանիայից դեպի Կունդուզ ՀՀ զորախումբի տեղափոխման ճանապարհին Թերմեզի օդանավակայանը ծառայում է որպես միջանկյալ կայան, եւ հայ խաղաղապահների նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել պարոն Նորմատովին:
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 24-26-ը աշխատանքային այցով գտնվում էր Աֆղանստանում:




























