Կառավարության նախկին աշխատակից Նունե Պլուզյանի դեմ հնարավոր է քրեական գործ հարուցվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նունե Պլուզյանի գործունեությունից տուժած՝ Երեւանի Էրեբունի համայնքի բնակչուհի Սիրանույշ Չփլախյանը:

«Ինձ մի քանի օր առաջ կանչեցին քննչականից, ասացին, որ թերություններ են եղել, իմ հաղորդման հիմա վրա քննություն չի իրականացվել եւ հնարավոր է քրեական գործ հարուցվի Նունե Պլուզյանի դեմ: Ես մտածում եմ, որ այն ժամանակ Նունեն իր ծանոթների միջոցով է գործը փակել»,-ասաց Սիրանույշ Չփլախյանը:

Սիրանույշը նշեց, որ իրենք դեռ գտնվում են վտարման վտանգի առջեւ, սպասում են վարչական դատարանի որոշմանը:

«Եթե ԴԱՀԿ-ն մերժի, ապա մեզ կվտարեն տնից, արդեն չգիտեմ ինչ անեմ, արդեն հոգնել եմ»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ըստ Սիրանույշ Չփլախյանի՝ 2011թ. ինքը «տոկոսով»  գումար է վերցրել Նունե Պլուզյանից, տունը առուվաճառքի պայմանագրով ձեւակերպել Նունե Պլուզյանի մորեղբոր տղայի՝ Հրայր Բաբայանի անվամբ՝ պայմանավորվելով, որ գումարը վերադարձնելոց հետո Նունե Պլուզյանը տունը պետք է ձեւակերպի իրենց անվամբ, սակայն այժմ Նունեն հրաժարվում է տունը վերադարձնել նույնիսկ 40 000 դոլար վճարելու պայմանով, եւ ստիպում է իրենց լքել տունը։ Նունե Պլուզյանը հերքում է այս մեղադրանքը՝ վստահեցնելով, որ տունը գնել է իր մորեղբոր տղան, իսկ ինքը «տոկոսով» գումար չի տվել։