Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հրաժարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել հունիսին կայանալիք գագաթնաժողովին, ինչպես պնդում էին գերմանական բունդեսթագում «Ձախերի» խմբակցության անդամները։
«Մեր շահերից չի բխում Ռուսաստանին երկար ժամկետով մեկուսացնելը, սակայն Ղրիմի ապօրինի զավթումից հետո մենք մեզ չենք կարող պահել այնպես, թե ոչինչ էլ տեղի չի ունեցել, եւ զբաղվենք սովորական գործերով»,- ասել է նա Die Welt թերթին տված հարցազրույցում, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Ավելի վաղ ձախերի առաջնորդ Գրեգոր Գրիզին կոչ էր արել հրավիրել Պուտինին G7 գագաթնաժողովին նաեւ քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանելու հարցը։
«Դեպի ութնյակ վերադարձը պետք է լինի Ուկրաինայի միասնականության հարգմամբ եւ պարտավորությունների կատարմամբ»,- նշել է Շտայնմայերը։
Ապրիլի 13-14-ին Լյուբեկ քաղաքում կայանալու է G7-ի արտգործնախարարների հանդիպումը։



























