Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինն իրավացի է Հայոց ցեղասպանության մասին իր որակումներում։ Ռուսաստանում Ստալինի հերոսացումը նույնպես մինչ օրս լարվածության աղբյուր է մնում Արեւելյան Եվրոպայում։ Այս մասին Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում հրապարակած իր հոդվածում գրում է Ռայնհարդ Ֆեսերը՝ անդրադառնալով ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ Հռոմի Պապի հիշատակած 20-րդ դարի 3 մեծագույն չարիքներին (Հայոց ցեղասպանություն, ստալինիզմ եւ նացիզմ)։
«Այնտեղ, որտեղ այլեւս չեն հիշում, նշանակում է, բաց վերքը առանց վիրակապի թողնում են արնահոսելու»,- Հայոց ցեղասպանության մասին Պապի խոսքն է մեջբերում հոդվածագիր Ֆեսերը։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները ցույց են տալիս, թե որքան իրավացի է հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։ 1915թ. գարնանից հարյուր տարի անց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մեծագույն խոչընդոտը Թուրքիայի ժխտողականություն է։ Նա ոչ մի կերպ չի ուզում ընդունել, որ կատարվածը ցեղասպանություն էր։ Հայերի անկողմնակալ այս պահանջը հետեւանք է այն ամոթալի արձագանքի, որը ցուցաբերեց թուրքական կառավարությունը Պապի պատարագից հետո, շարունակում է հոդվածագիրը։
Վերքեր եւ հաշտեցում
Այն, որ Ցեղասպանության ճանաչումը կարող է դառնալ հաշտեցման ուղին, ապացուցել է Գերմանիան՝ նման կերպ կարգավորելով իր հարաբերությունները Իսրայելի եւ հարեւան երկրների հետ, որոնց տարածքները օկուպացրել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Այդ ճանապարհը Թուրքիայի համար հեշտ չի լինելու։ Գերմանիայի դեպքում էլ այն լի էր անհաջողություններով եւ թյուրիմացություններով։ Հաշվի առնելով նացիստական հանցագործությունների մասշտաբները՝ դրանց պատճառած որոշ վերքեր արյունահոսում են մինչեւ հիմա, քանի դեռ ողջ են զոհերի հարազատները։ Պարզ չէ, սակայն, Գերմանիան ճանաչեց Հոլոքոստը իր որոշմամբ, թե դրսից գործադրած ճնշման տակ։
Ինչեւէ, Պապի հիշատակած 20-րդ դարի 3 մեծագույն հանցագործություններից միայն նացիզմն է, որի հանդեպ մարդկության դիրքորոշումը միանշանակ եւ որը դատապարտելը ոչ ոքի կողմից վեճի թեմա չի դառնում, եզրափակում է հոդվածագիրը։



























