Ապրիլի 10-ից 11-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Մեդիա եւ տեղեկատվական անվտանգության» ֆորում: Ֆորումը կազմակերպել էր «Յուքոմ» ընկերությունը «Ճանաչեք 1915» նախագծի շրջանակներում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:
Միջոցառմանը մասնակցում էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տեղեկատվական եւ կիբեր անվտանգության ոլորտի մասնագետներ, բլոգերներ, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգության փորձագետներ:
Միջոցառումը մեկնարկեց Յուքոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանի ելույթով, որտեղ նա շեշտեց. «Հաշվի առնելով այն փաստը, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, առավել մեծանում են եւ արդիական են դառնում կիբեռանվտանգության խնդիրները: Քանի որ մոտակա օրերին տեղեկատվական անվտանգության խնդիրը պետք է լինի գերակա բոլորի համար, այս միջոցառումը եւս մեկ առիթ է քննարկելու եւ հանրության ուշադրությունը սեւեռելու այդ խնդրի վրա»:
Ֆորումի ժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում են համացանցում տարրական անվտանգության կանոններին՝ սկսած սոցկայքերում տարօրինակ եւ վիրուսային հղումներին սեղմելուց, մինչեւ անհայտ եւ կասկածելի կայքերում գրանցվելը, կամ նույնիսկ տարբեր կայքեր գրանցվելուց նույն գաղտնաբառ օգտագործելը:
«Յուքոմ» ընկերության տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրին համացանցային անվտանգության էթիկայի կանոնները՝ մասնավորապես բոլոր այն գործողությունները, որոնք մարդիկ հաճախ առանց գիտակցելու կատարում են համացանցում՝ հետագայում վնասելով իրենց կամ նույնիսկ իրենց ընկերներին: «Յուքոմ» ընկերության ՏՏ աուդիտոր Ռուբեն Մուրադյանը խոսեց ՏՏ ոլորտի զարգացման եւ վտանգների մասին: ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Վահագն Հարությունյանը տեղեկություններ ներկայացրեց կիբեռհանցագործությունների վերաբերյալ: Շատ կարեւոր եւ հետաքրքիր ելույթներով հանդես եկան նաեւ ՊՆ գնդապետ Արամ Գեւորգյանը, ՊՆ գնդապետ Արմեն Ղալեչյանը:
Նշենք, որ մեդիա եւ տեղեկատվական անվտանգության ֆորումն անցկացվում է «Ճանաչեք 1915» նախագծի շրջանակներում (www.recognize1915.am): Նախագծի հիմնական նպատակն է աշխարհին տեղեկացնել Հայոց ցեղասպանության մասին: Նախագիծը մեկնարկել է 2014թ. ապրիլին` Հայոց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի նախօրեին: Նախագծի շրջանակներում ստեղծվել է հանրային իրազեկման գործիք, որով յուրաքանչյուր մարդ, էլեկտրոնային փոստի հատուկ ստորագրություն տեղադրելով, էլեկտրոնային նամակագրության միջոցով իր գործընկերներին կամ ընկերներին եւս մեկ անգամ կարող է հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաեւ տալ հնարավորություն յուրաքանչյուրին կիսվել այս ինֆորմացիայով բոլորի հետ: Նախագծի պաշտոնական www.recognize1915.am կայքում տեղադրված է ամբողջական ինֆորմացիա, թե ինչպես միանալ նախագծին, ինչպես նաեւ տրված են հիմնական տեղեկատվական բազաները, որտեղից կարելի է հավաստի տվյալներ ստանալ Ցեղասպանության մասին:































