ԵՏՄ անդամակցությունից հետո ալյուրի շուկայում նոր մրցակիցներ են ի հայտ եկել. ալյուրի գինն անհամեմատ նվազել է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, Աստանայում ԵՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա իր ելույթում անդրադարձել է նաեւ սոցիալական կարեւոր նշանակության մի շարք շուկաներում կատարված ուսումնասիրություններին՝ առանձնացնելով հատկապես ալյուրի շուկան, որտեղ տարեսկզբից սկսած՝ էական գնանկում է արձանագրվել: Եթե նախորդ տարեվերջին բարձրակարգ ալյուրի 1 կիլոգրամի գինը կազմել է 280 դրամ, այսօր արդեն այն վաճառվում է 208 դրամով:

Նախորդ տարեվերջի՝ հայկական դրամի ԱՄՆ դոլարի փոխարժեքի արժեզրկման պարագայում անգամ, ալյուրի գնի նվազումը կազմում է մինչեւ 25 տոկոս: «Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման հետեւանքով, ալյուրի գները ՌԴ-ում նվազել են: Հայտնի է, որ մեր երկիրը ցորենի հիմնական ներկրումներն իրականացնում է Ռուսաստանից:

Սակայն վերջերս շուկայում ի հայտ են եկել նոր մասնակիցներ, որոնք զբաղվում են պատրաստի ալյուրի ներմուծմամբ, ինչը նրանց համար առավել շահավետ է: Իհարկե, դրական առումով շուկայի վրա մեծապես ազդել է նաեւ այն, որ տարեսկզբից հանդիսանում ենք ԵՏՄ անդամ եւ ապրանքների ներմուծումն ու արտահանումը իրականացվում է պարզեցված ընթացակարգով»,-նշել է Ա. Շաբոյանը:

Նշենք, որ ԵՏՄ մրցակցային մարմինների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի շրջանակներում: