Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու կամ այսպես կոչված «Բանդայի գործով» պարագլուխ համարվող եւ 15 տարվա ազատազրկման դատապարտված Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանն այսօր՝ ապրիլի 13-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում իր վերաքննիչ բողոքը ներկայացնելիս միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալին կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ լրացուցիչ քննության:
Դատարանում իր բողոքը ներկայացրեց նաեւ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանը, որը նշեց, որ իր մոտ թերահավատություն է ձեւավորվել Հայաստանի արդարադատության համակարգի հանդեպ:
«Ես հասկանում եմ, որ մեղադրողը պատվեր կատարեց եւ առաջին ատյանի դատարանին այնպիսի մի շինծու մեղադրանք ներկայացրեց, որը չի տեղավորվում ոչ մի իրավական հարթությունում, իսկ նախաքննական մարմնի բոլոր ապօրինությունները որակեց որպես բացթողումներ: Ինձ մեղադրում են այնպիսի հանցագործությունների մեջ, որը ես ընդհանրապես չեմ գործել եւ չեմ ճանաչում մնացած մեղադրյալներին: Եթե այս դատարանում գործում է օբյեկտիվությունը, ապա շատ շնորհակալ կլինեմ, իսկ եթե ոչ, ապա ասելու բան չունեմ, Աստված ձեզ հետ»,-ասաց Արտուշ Հակոբյանը:
Արտուշ Հակոբյանը իր խոսքն ավարտելուց հետո դիմեց դատավորին զուտ մարդկային առումով:
«Հարգելի դատավոր իմ 80-ամյա հայրն ու 21-ամյա որդիս են այստեղ նստած, ես էլ աստվածավախ մարդ եմ ու երդվում եմ, Աստված վկա, հորս եւ որդուս առողջությամբ ու կյանքով, որ ես որեւէ կապ չունեմ ինձ առաջադրված մեղադրանքի հետ: Մնացածը մնում է ձեր խղճի վրա»,-խաչակնքվելով ասաց Արտուշ Հակոբյանը:
Նշենք, որ նրա ելույթի ողջ ընթացքում մեղադրյալի կինն ու քույրը արտասվում էին:
Դատական նիստի ավարտից հետո Արտուշ Հակոբյանի կինն ու քույրը անիծեցին գործով մեղադրյալ Սասուն խաչատրյանին, իսկ Արտուշ Հակոբյանն նրան դիմեց, հարց տալով, որ «Դու խիղճ ունե՞ս»:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 20-ին:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 26-ին «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտեց 15, Դավիթ Գալստյանին եւ Սամվել Դավթյանին՝ նույնպես 15, Արթուր Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։





























