Ռուսաստանը կարող է ներդրում ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, մինչդեռ Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Պապի հայտարարությունը Թուրքիային ավելի է հեռացնում Հայաստանից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Հայկական կողմի դիրքորոշումը սատարող քաղաքական եւ կրոնական առաջնորդները որքան ավելի շատ միջամտեն այդ գործընթացին, այնքան ավելի կմեծացնեն քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ ճեղքվածքը եւ Թուրքիային ու Հայաստանին կհեռացնեն իրարից: Սակայն բարեկամ երրորդ երկրները կարող են օգնել՝ կարգավորել այդ հակամարտությունը, եթե չտրվեն հայկական կողմի ճնշմանն ու կարողանան լսել մեր փաստարկները: Կարծում ենք, որ Ռուսաստանը, որը լավ հարաբերություններ ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի հետ, կարող է կարեւոր դեր խաղալ այս հարցում»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:
Նա հիշեցրել է, որ 1948 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած՝ ցեղասպանություն հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին Կոնվենցիայի համաձայն, ցեղասպանության փաստն ընդունելու համար անհրաժեշտ է Միջազգային դատարանի որոշումը: Սակայն հայկական կողմը նման որոշում չունի:
Աղբյուրը նաեւ նշել է, որ թուրքական եւ հայկական կողմերը պետք է ոչ թե քաղաքականացնեն պատմությունն ու մեղադրեն միմյանց, այլ հանդիպեն ու քննարկեն անցյալի վիճելի էջերը: Նա հիշեցրել է երկու երկրների պատմաբաններին ուղղված Թուրքիայի նախագահների կոչը՝ համատեղ 1915 թվականի ողբերգության շուրջ արխիվային փաստաթղթերն ուսումնասիրելու մասին, որոնք թուրքական կողմը բացել է եւ նույնն ակնկալում է նաեւ Հայաստանից:
Հիշեցնենք, որ կիրակի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մատուցված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ XX դարում մարդկությունը երեք սարսափելի ողբերգություն է վերապրել. Հայոց ցեղասպանություն, նացիզմ եւ ստալինիզմ: Պապն անցյալ դարասկզբին հայերի, սիրիացի կաթոլիկների եւ ուղղափառների, ասորիների եւ հույների տառապանքը բնորոշել է որպես «XX դարի առաջին ցեղասպանություն»:




























