Ավագանու անդամ Րաֆֆի Գյոզալյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել, սակայն կմնա ավագանու անդամ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Երեւանի ավագանու գումարված արտահերթ նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, տեղեկացրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
NEWS.am-ը Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կաpերի վարչությունից տեղեկացավ, որ ավագանին քննարկել եւ հավանություն է տվել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում կառուցել կրթական համալիր:
Համաձայն ծրագրի համալիրը ներառելու է հանրակրթական դպրոց, մանկապարտեզ, փակ լողավազան, սպորտային դահլիճ, մինի ֆուտբոլի համար նախատեսված հրապարակ: Համալիրը կունենա նաեւ փակ սառցադաշտ, ստորգետնյա ավտոկանգառ, ինչպես նաեւ բարեկարգ հանգստյան գոտի: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ավելի քան 236 աշխատատեղ։ Նկատի առնելով վերը նշվածը՝ ավագանին որոշել է Երեւանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում գտնվող հողամասը եւ շինությունները ուղղակի վաճառքի ձեւով օտարել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը: Համաձայն ծրագրի՝ ընկերության կողմից նախատեսվող ներդրման չափը նախնական կազմում է 49.3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։





























