Goldman Sachs-ի վերլուծաբանները բարձրացրել են 2026 թվականի վերջի և 2027 թվականի համար նավթի գների կանխատեսումները՝ համաշխարհային շուկայում մատակարարումների խափանման ռիսկերի աճի ֆոնին։
Բանկի վերլուծաբանների զեկույցի համաձայն՝ 2026 թվականի դեկտեմբերին Brent տեսակի նավթի գինը կկազմի 105 դոլար մեկ բարելի դիմաց՝ նախկինում կանխատեսված 90 դոլարի փոխարեն։ 2027 թվականի միջին գնի կանխատեսումը մեկ բարելի դիմաց 80 դոլարից բարձրացվել է մինչև 88 դոլար։
«Առաջարկի նվազման զգալի ռիսկերը, հավանաբար, կարճաժամկետ հեռանկարում կհանգեցնեն ռիսկի հավելավճարի աճին», — գրում են վերլուծաբանները։ Շուկաներում ավելի ու ավելի են ակնկալում ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակի սրում, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանից նավթի մատակարարումների հետագա նվազմանը։
Փորձագետների գնահատմամբ՝ 2027 թվականին Brent-ի միջին գինը կարող է հասնել մեկ բարելի դիմաց 130 դոլարի, եթե Պարսից ծոցում նավթի օրական արդյունահանումը շարունակի 3,5 մլն բարելով ցածր մնալ 2025 թվականի մակարդակից։ Մյուս կողմից՝ տարածաշրջանում արդյունահանման արագ վերականգնումը կարող է նավթի գինը նվազեցնել մինչև մեկ բարելի դիմաց 60–70 դոլար։
Հոկտեմբերին Brent-ը թանկացել է 13,6%-ով։ Երկուշաբթի օրվա դրությամբ հյուսիսծովյան նավթը վաճառվում է մեկ բարելի դիմաց 110 դոլարի սահմաններում։





























