Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ընդհանուր առմամբ նախատեսվում է հատկացնել շուրջ 435,9 մլրդ դրամ։ Այս մասին նշված է գալիք տարվա պետական բյուջեի նախագծում։
Այստեղ ամենախոշոր ուղղություններից մեկը կլինի հանրակրթությունը՝ շուրջ 144,3 մլրդ դրամ։
Բացի այդ, մոտ 126,5 մլրդ դրամ կուղղվի հանրակրթական ու նախադպրոցական հաստատությունների ստեղծմանը, կառուցմանն ու բարելավմանը։
Այսպիսով, դպրոցների և մանկապարտեզների շենքային պայմանների հետ կապված ծրագիրն ինքնին կկազմի պետբյուջեի միջոցների շուրջ 3,1 տոկոսը։
Մեկ այլ խոշոր ուղղություն էլ կդառնա մասնագիտական կրթությունը՝ շուրջ 19 մլրդ դրամով։ Ընդ որում՝ բարձրագույն և հետբուհական կրթության ծրագրի համար նախատեսված է շուրջ 13,3 մլրդ դրամ։
«Գիտության և տեխնիկայի զարգացման գերակա ուղղություններով հետազոտությունների իրականացում, գիտական ներուժի զարգացում, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանում» ծրագրով իշխանությունները նախատեսում են հատկացնել 30,7 մլրդ դրամ։
Իսկ Հայաստանում մեծ սպորտի հետագա զարգացմանն աջակցելուն և միջազգային ասպարեզում երկրի դիրքերի ամրապնդմանը կտրամադրվի մոտ 12,3 մլրդ դրամ։
Ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքներին կուղղվի 6,7 մլրդ դրամ։
Ազգային հենքի վրա ժամանակակից թատերական, երաժշտական, կերպարվեստի և պարարվեստի զարգացմանն ու հանրահռչակմանն աջակցելու համար կհատկացվի 13,5 մլրդ դրամ, իսկ մարզերի մշակութային զարգացման ծրագրին՝ 310 մլն դրամ։





























