Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ:

Հանդիսավոր միջոցառումների համատեքստում երեւանաբնակ վետերանների պատվիրակությունը մեկնել է ԼՂՀ: Երեւանի քաղաքապետարանից պատվիրակության անդամներին ճանապարհել են Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանն ու Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

Եռօրյա այցի ընթացքում  վետերաններին կհյուրընկալեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նախատեսված են նաեւ հանդիպումներ ԼՂՀ վետերանների միության անդամների,  վետերանական եւ այլ կազմակերպությունների հետ, այցելություններ պատմամշակութային օջախներ:

Վետերանները կլինեն նաեւ ԼՂՀ ՊԲ զորամասերում: Երեւանի քաղաքապետարանը հոգ է տարել, որպեսզի եռօրյա այցելությունը լինի հնարավորին  հագեցած: Պատվիրակության անդամներն ապահովվել են նաեւ բարձրակարգ սննդով եւ բուժանձնակազմով: