Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի լողավազանի վերանորոգումը դեռ շարունակվում է, թեեւ ղեկավարությունը խոստացել էր այն ավարտել մինչեւ մարտ:
NEWS.am-ի հետ զրույցում համալսարանի միջբուհական համագործակցության եւ տեղեկատվության վարչության պետ Ռուզան Հարությունյանը հայտնեց, որ շինարարության ձգձգման պատճառը ֆինանսական միջոցները չեն:
«Շինարարության ընթացքում պարզվեց, որ առաստաղը փլուզման եզրին է: Այդ պատճառով նորից նախագծեցին մասնագետները, որ սեյսմիկ անվտանգության տեսանկյունից խնդիր չառաջանա»,- ասաց Ռուզան Հարությունյանը:
Նրա խոսքով՝ լողավազանն ամենայն հավանականությամբ սեպտեմբերից կսկսի գործել:
Հիշեցնենք, որ նախկինում համալսարանի սպորտային համալիրը պատկանում էր «Պոլիտեխնիկ» մարզական ակումբին: Սակայն Հովհաննես Թոքմաջյանի՝ համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո սպորտային համալիրն ամբողջությամբ անցավ համալսարանի ենթակայության տակ: Ըստ ղեկավար կազմի՝ լողավազանից անվճար օգտվելու են համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Նշենք, որ միայն լողավազանի վերանորոգման համար անհրաժեշտ է 150 հազար դոլար:





























