Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Վլադիմիր Խոեցյանի եւ համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի միջեւ վեճը հիմա էլ դատարանում է շարունակվում:

NEWS.am-ի հետ զրույցում Խոեցյանը հայտնեց, որ արդեն երկու նիստ կայացել է:

«Ամենայն հավանականությամբ, մեկ-երկու նիստից հետո վճիռ կկայացվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Խոեցյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումը:

Նշենք, որ Վլադիմիր Խոեցյանի եւ Հովհաննես Թոքմաջյանի միջեւ հարաբերությունները լարվել են 2014թ. սեպտեմբերից՝ հայտնի սեքս սկանդալից հետո: Վլադիմիր Խոեցյանն ահազանգել էր, որ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Սամսոն Զատիկյանը գիշերը մտել է վարչության աշխատակիցների սենյակներ եւ խուզարկել դրանք: Այս հայտարարությունից օրեր անց Թոքմաջյանը նկատողություն տվեց Խոեցյանին ամբիոնի վարիչներից մեկի զեկուցագրի հիման վրա, ըստ որի ամբիոնի վարիչի համակարգչի հետ անսարքություն էր առաջացել, նա դրա մասին ահազանգել էր ՏՏ աշխատակիցներին, որոնք խոստացել, բայց այդպես էլ չէին այցելել ամբիոն` խնդիրը լուծելու: Նոյեմբերին երկրորդ նկատողությունը ստանալուց հետո Խոեցյանն աշխատանքից ազատվել է: