Գյումրեցի ակտիվ քաղաքացիների այս քայլը շատ դրական եմ գնահատում,  այն լրացուցիչ անգամ ռուսական կողմի ուշադրությունը կսեւեռի խնդրին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ մեկնաբանելով  գյումրեցի ակտիվիստների՝ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային շախմատ նվիրելու քայլին, որպեսզի նա Ավետիսյանների գործով շախմատ չխաղա:

Փաստաբանը նշեց, որ թեեւ ՀՀ գլխավոր դատախազի նամակին պատասխանելու հստակ ժամկետ սահմանված չէ, սակայն կարծում է,  որ պատասխանը պետք է արդեն ստացված լիներ: Երվանդ Վարոսյանը շեշտեց, որ ռուսական կողմում քննվող քրեական գործի վարույթին ծանոթանալը կարեւոր է այնքանով, որ դա հնարավորություն կարող է ընձեռնել հայկական կողմին որոշակի առումով արդյունավետ քննություն իրականացնել:«Այս համատեքստում շատ դրական եմ գնահատում Գյումրեցի ակտիվ քաղաքացիների այս քայլը, որը լրացուցիչ անգամ ռուսական կողմի ուշադրությունը կսեւեռի խնդրին»,-ասաց նա:

Փաստաբանից նաեւ տեղեկացանք, որ գործի շրջանակներում առայժմ որեւէ նորություն չկա, սպասում են փորձաքննությունների եզրակացություններին:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝  Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցով:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: