NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լրագրող Պյոտր Զալեւսկիի՝ «Financial Times»-ում հրապարակված հոդվածը:

Սպասվում է, որ ապրիլի 24-ին համաշխարհային տասնյակ առաջնորդներ Թուրքիա կայցելեն՝ մասնակցելու Առաջին աշխարհամարտի ամենաարյունոտ գործողություններից մեկի՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին:

Այս տարի Անկարայի պաշտոնական արարողությունները համընկնում են մեկ այլ իրադարձության՝ հայերի զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցի հետ: Թուրքիան պաշտոնապես չի պարզաբանել իր այդ որոշումը, սակայն քննադատները դրանում Երեւանում հիշատակի արարողություններից ուշադրությունը շեղելու փորձ են տեսնում:

Քանի որ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը հունիսին նախանշված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ձգտում է գրավել ազգայնական ընտրազանգվածին, հնարավոր է, հաշտեցման հռետորաբանության ուժեղ ձգտում այլեւս չկա: Անկարան, կարծես, իրեն անհարմար իրավիճակի մեջ է դրել: Սաբանչի համալսարանից պատմաբան Հալիլ Բերքթայն այդ քայլը ցավալի է համարում:

Նաեւ դիվանագիտական իմաստով սա կարող է անարդյունավետ քայլ դառնալ: Ներկայում արդեն ավելի քան 20 երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան ու Ռուսաստանը, 1915 թվականի կոտորածները ցեղասպանություն են ճանաչել: Մեծ Բրիտանիան դա չի արել:

«Ավելի խոշոր պետությունները կա՛մ ներկայացված չեն լինի երկու միջոցառումներից ոչ մեկին, կա՛մ կմեկնեն Երեւան»,- ասել է Ստամբուլից պրոֆեսոր Քադիր-Հաս Սոլի Օզելը: