Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Երեւանի ավագանուց բնակարաններ է խնդրել սարկավագի եւ թեմի պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի համար, քանի որ վերջիններս «տուն չունեին եւ վարձով էին ապրում»: Այս մասին NEWS.am-ին հայտնեց թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը:

Նա հայտնեց, որ Նավասարդ արքեպիսկոպոսն գրությամբ դիմել է Երեւանի ավագանու անդամներին եւ վերջիններս հարգել են նրա խնդրանքը:

Նշենք, որ մարտի 14-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ որոշում է կայացվել Երեւան համայնքի սեփականություն համարվող բնակարանները Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու սարկավագ Հովհաննես Ներսեսյանին եւ Արարատյան Հայրապետական թեմի «Շողակն Արարատյան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Հասմիկ Եղիազարյանին սեփականության իրավունքով անհատույց օտարելու մասին: