ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը որպես հրավիրյալ դասախոս հյուրընկալվել է Երեւանի` Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցում: Ինտերակտիվ դասախոսության ընթացքում դպրոցի 9-ից 12-րդ դասարանի աշակերտները ծանոթացել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման, անցած դժվարին ուղու, կայացման եւ հաջողության հասնելու պատմությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակով Ռալֆ Յիրիկյանը խրախուսեց երեխաներին չհանձնվել նպատակին հասնելու ճանապարհին, անընդհատ սովորել, քրտնաջան աշխատել, լինել ազնիվ եւ արդար, հարգանք եւ պատասխանատվություն ցուցաբերել շրջապատի նկատմամբ:

 «Ապավինեք միայն սեփական ուժերին, ինքներդ կերտեք ձեր ապագան, անցեք դժվարությունների միջով, եւ ձեռք բերած փորձն օգտագործեք առաջ շարժվելու, նպատակին հասնելու համար: Ոչինչ միանգամից չի լինում. անհրաժեշտ են համբերություն եւ աշխատանք»,-նշել է Ռալֆ Յիրիկյանը:

 «Բիզնես, որն ունի առաքելություն» ծրագրի շրջանակներում Ռալֆ Յիրիկյանն արդեն բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի ուսումնական հաստատություններում: