«Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները, որոնք հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելիս, մտադիր են ամենօրյա բողոքի ակցիաներ անել Կառավարության մոտ՝ պահանջելու իրենց 9 տարվա չվճարված նպաստները: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց օդանավի հրամանատար Սեյրան Սարգսյանը օդաչուների հերթական բողոքի ակցիայի ժամանակ:
«Ամեն օր ակցիաներ ենք անցկացնելու, դիմելու ենք բոլոր դեսպանատներին, որպեսզի մեր խախտված իրավունքները վերականգնվեն, վերջապես ստանանք մեր հասանելիքը»,- ասաց նա:
Սեյրան Սարգսյանը հիշեցրեց, որ վարչապետը հաշմանդամ օդաչուներին ընդունել է նոյեմբերին եւ խոստացել, որ մարտին իրենց հարցը կլուծվի, սակայն մինչեւ այժմ իր խոստումը չի կատարել:
«Վարչապետը իր կողքին նստած Դավիթ Հարությունյանին եւ իր խորհրդականին հարցնում է, թե էս հարցը երբ պիտի լուծվի, նրանք էլ պատասխանեցին, որ մինչեւ մարտ ամիս: Քանի որ 9 տարի մեզ խաբել են, արդեն չէինք հավատում: Մենք էլ վարչապետին ասացինք, որ որպես վարչապետ, որպես տղամարդ, ձեր հովանավորության տակ վերցնո՞ւմ եք, որ կհետեւեք այս գործին, ինքն էլ մեզ խոստացավ, մենք էլ հավատացինք: Բայց ինչպես Ավետ Ավետյանն էր ասում՝ խաբել են, խաբում են, ու կխաբեն»,-ասաց Սերան Սարգսյանը:
Հաշմանդամ օդաչուները պահանջում են, որ վարչապետը նորից ընդունի իրենց եւ պարզաբանի, թե ինչու իր խոստումը չի կատարել:
Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները, որոնք հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելիս, դատարանի որոշմամբ պետք է նպաստ ստանան, սակայն, նրանց խոսքով, 2006 թվականից հետո նրանց հասանելիք գումարները չեն տրվում:
Նախկին օդաչուները պնդում են, որ կառավարությունը նրանց պարտք է մոտ 1 միլիարդ 200 միլիոն դրամ:





























