Թեղուտում ապօրինաբար հանք շահագործող «Վալեքս գրուպի» անդամ Թեղուտ ՓԲԸ-ի գործունեությունը շարունակում է բացասական կերպով անդրադառնալ Շնող գետի վրա:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում ասված է. «2015թ. ապրիլի 13-ին արված լուսանկարները (տես՝ կից) ցույց են տալիս, որ Շնող գետով հոսում է անտառահատված եւ բացատված տարածքի հողաշերտը: Գարնանային անձրեւներն ավելի են արագացնում հողաշերտի էրոզիան եւ գետը լցնում ոչ միայն հողաշերտը, այլեւ բաց ապարների այն պարունակությունը, որի մեջ արդեն կան բազմաթիվ ծանր մետաղներ:
Թեղուտի հանքի հետ կապված պարբերաբար են խնդիրներ ծագում: Դեռեւս մարտ ամսին համայնքի բնակիչներն ահազանգեցին, որ հանքի պոչամբարի պատվարը քանդվել է, եւ թունավոր պոչանքն արտահոսում է (տես՝ կից նկարը):
Հունվարի 28-ին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգ ստացավ, որ Շնողը կրկին աղտոտված է, աղտոտված գետի լուսանկարները հրապարակվեցին ֆեյսբուքում եւ նախաձեռնության կայքում: Այս անգամ գետն աղտոտված էր թունավոր պոչանքի թափոններով, ինչը նույնիսկ անզեն աչքով տեսանելի է լուսանկարներում:
Ավելի վաղ՝ հունվարի 21-ին, Թեղուտ եւ Շնող համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Թեղուտ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռուբեն Պապոյանն ընդունել էր, որ «հանքարդյունաբերական թափոնով մի պահ են աղտոտել», իսկ պարբերաբար դեպի գետ են արտազատում՝ իբր խճի արտադրամասի արտադրական ջրերը եւ իրենք խոստանում են այսուհետեւ գրաֆիկով գետն աղտոտել: Հանդիպման մանրամասները հաղորդել է Հետք-ը, հոդվածում Վալլեքսի տարբեր ընկերությունների նույն աշխատակիցները պնդում էին, որ իրենց «հրաշք» հանքը «եվրոպական ստանդարտներով» է աշխատում եւ իրենք երբեք չեն աղտոտում:
Թեղուտի հանքի հնարավորինս շուտ փակումը կփրկի Հայաստանը վերահաս բազմատեսակ եւ ծանրագույն աղետներից»:
.jpg)






























