«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում 2017թ. շահագործման հանձնված կլինի սոցիալական նշանակության 2000 բնակարան: Այս մասին այսօր` ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը:
«Արդեն բարի ավանդույթ է դառնում, որ ամեն տարի շուրջ 300 բնակարան հանձնում ենք շահագործման: Նախորդ տարվա օգոստոսին «Ավան 3» համալիրում շահագործման է հանձնվել 335 բնակարան, 2 ամիս անց նույն քանակությամբ բնակարան կունենանք Զեյթունում: «Ավան 4» համալիրում 10 ամիս անց շահագործման կհանձնվի 490 բնակարան, մենք հիմա ձեռնամուխ ենք լինում այլ հողատարածքների փնտրտուքին, որպեսզի կարողանանք բավարարել այն պահանջարկը, որը կա»,-ասաց Արսեն Քարամյանը` նշելով, որ կազմակերպությունը 620 չբավարարված դիմում ունի:
Նրա խոսքով` նրանցից 134-ը բնակարան կստանա «Զեյթուն 2», 100-ը` «Ավան 5» թաղամասում: Ծրագրի շրջանակում կառուցված բնակարանների շահառուները ՀԿ նախագահի խոսքով մանկավարժներն են, բժիշկները, լրագրողները, դասախոսները, արվեստագետները, երիտասարդ գիտնականները: Բնակարանների 1 քառակուսի մետրը 550 դոլարին համարժեք դրամ արժե, շահառուները վարկավորվում են 20 տարի ժամկետով, 10 տոկոս տարեկան տոկոսադրույքով` վճարելով 30 տոկոս կանխավճար:





























