NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «The New York Times»-ի Բաղդադի գրասենյակի ղեկավար Թիմ Արանգոյի՝ այդ պարբերականում հրապարակված հոդվածը:
Բլրի լանջին կառուցված կործանվող քարե մենաստանը կանգնած է որպես սարսափելի անցյալի միայնակ հուշարձան: Լեռնային այդ գյուղի մյուս կողմում նաեւ մի եկեղեցի կա: Դրանից հետո հողում շատ խորը ճեղքվածք կա: Հարյուր տարի առաջ անթիվ հայերի հենց այստեղ են նետել՝ մահանալու:
«Նրանց նետեցին այս փոսը, բոլոր տղամարդկանց»,- ասաց գյուղի կենտրոնի սրճարանում նստած 78-ամյա Վահիդ Շահինը՝ պատմելով սերնդեսերունդ իրեն հասած վկայությունները: Տղամարդը շրջվեց եւ ցույց տվեց մենաստանը: «Դա հայկական կողմն էր»: Ցույց տալով մյուս կողմը՝ ասաց. «Իսկ սա մահմեդական կողմն էր: Սկզբում նրանք շատ մտերիմ էին միմյանց հետ»:
Ցեղասպանությունը Առաջին աշխարհամարտի մեծագույն չարագործությունն էր: Այն նաեւ մնում է այդ հակամարտության վիճելի ժառանգությունը՝ 100 տարի շարունակ բախվելով թուրքական իշխանությունների կողմից լռության եւ ժխտման պատին: Վերապրած հայերի եւ նրանց սերունդների համար Ցեղասպանությունը դարձավ իրենց ինքնության հիմնական ցուցանիշը. հոգեբանական վնասվածքը փոխանցվեց սերնդից սերունդ:
Անկարան չի մասնակցում հիշատակի որեւէ արարողության, ինչպես նաեւ, թվում է, պատրաստ չէ կատարել ներողություն խնդրելու մասին հայերի պահանջը: Փոխարենը Ցեղասպանության տարելիցի օրը թուրքական իշխանությունները միջոցառումներ են նախատեսել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի առիթով:
Երկրում, որն առանձնանում է բաժանարար տարբեր գծերով՝ աշխարհիկության եւ կրոնավորության, հարուստների եւ աղքատների, լիբերալների եւ պահպանողականների միջեւ, Հայոց ցեղասպանության ժառանգությունը թուրքերին միավորող հարց է: Առաջին աշխարհամարտից հետո Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ Թուրքիայի հանրապետությունում հասարակության թուրքացման գործընթաց սկսվեց:
Թուրքիայի նոր հանրապետության ղեկավարներից շատերը, բայց ոչ Աթաթուրքը, Հայոց ցեղասպանության հիմնական ճարտարապետներն էին, իսկ ոմանք հարստացան հայերի գույքի սեփականաշնորհման հետեւանքով: «Ազգի համար դժվար է իր հիմնադիր հայրերին մարդասպան եւ թալանչի կոչել»,- ասել է թուրք հայտնի պատմաբան, ցեղասպանության հարցով մասնագետ Թաներ Աքչամը:
100-րդ տարելիցի նախաշեմին թուրքական կառավարությունը վերադարձավ այն դիրքորոշմանը, որ այդ հարցը պետք է պատմաբանների ուսումնասիրության առարկա դառնա: Հայերը դա վիրավորական են համարում:
Հայոց ցեղասպանության տարելիցի մոտենալուն զուգահեռ, Օբաման ավելի մեծ ճնշումների է ենթարկվում՝ ապրիլի 24-ի առիթով իր ամենամյա ուղերձում «ցեղասպանություն» բառն արտասանելու համար: Փորձագետներն ասում են, որ այս տարի նրա որոշումն ավելի բարդ կլինի՝ Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ պայքարում Թուրքիայի հետ առավել սերտ համագործակցության ԱՄՆ-ի ջանքերի պատճառով:




























