ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 17-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի (UNDP) ղեկավար պարոն Բրեդլի Բուզետտոյին, գրասենյակի ղեկավարի տեղակալ Քլեր Մեդինային եւ բնապահպանական ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանին:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերն ամփոփել են 2014 թ. ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի համատեղ իրականացված ծրագրերը, քննարկել 2015թ. անելիքներն ու համագործակցության նոր հեռանկարները:

Գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոն հայտնել է, որ UNDP-ն աշխարհի այն փոքրաթիվ կազմակերպություններից մեկն է, որը 2015 թվականին հավատարմագրվել է «Կանաչ հիմնադրամի» կողմից եւ եզակի հնարավորություն  ունի ֆինանսավորում ստանալու տարածաշրջանում էներգախնայողության եւ բնապահպանական ուղղվածության ծրագրեր իրականացնելու համար:

Նախարարը, այս հավատարմագրումը մեծ ձեռքբերում համարելով թե՛ UNDP-ի, եւ թե՛ տարածաշրջանի համար, ընդգծել է. ««Կանաչ հիմնադրամի» ընձեռած հնարավորությունները, որոնք ուղղված են  Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուղղությամբ մարդկության ջանքերն առավել արդյունավետ դարձնելուն, նոր հեռանկարներ կստեղծեն մեր երկրում բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ»:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մինչ դեկտեմբերին Փարիզում կայանալիք «ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովը»  մշակել եւ ներկայացնել համապատասխան ծրագրային առաջարկներ: