Միջազգային դատարանի՝ Կոսովոյի վերաբերյալ որոշումը բխում է Հայաստանի շահերից, սակայն դրանից չարժե մեծ սպասումներ ունենալ։ Այս մասին լրագրողների հետ հուլիսի 28-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։

Նրա խոսքով, այս որոշումը պետք է բացի ադրբեջանցիների աչքերը, որպեսզի նրանք գիտակցեն խնդրի՝ միջազգային իրավունքի հիման վրա լուծվելու հնարավորությունը։  

Ինչ վերաբերում  է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչմանը, պատգամավորը նշեց, որ դա պետք է արվի ամենահարմար պահին՝ անհրաժեշտ արդյունք ստանալու համար։ «Այդ ժամանակը կարող է գալ այն պահին, երբ միջազգային  հանրությունը հանգիստ կերպով կընդունի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը, կամ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները լարվեն»,- հայտարարեց հանրապետական պատգամավորը։

Ներկայումս, նրա կարծիքով, Հայաստանը բանակցային գործընթացում պետք է օգտագործի ԼՂՀ-ն ճանաչելու իր իրավունքը, որպես քարտ-բլանշ: