ՀՀՇ վերջին համագումարը ցույց տվեց, որ ՀՀՇ-ն կա՛մ չկա, կա՛մ ուզում է ձեւափոխվել: Հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Ձեւափոխվելու համար մի փոքր մեծ ժամանակ է անհրաժեշտ, որ ավելի մեծ ուժ դառնա եւ հնարավորություն ունենա»,-նշեց Սահակյանը՝ հավելելով, որ ո՛չ ՀՀՇ-ն, ո՛չ էլ Հայ ազգային կոնգրեսը խորհրդարան մտնելու հնարավորություն չունեն:

NEWS.am-ի հարցին, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ է օգնել ՀՀՇ-ին կամ ՀԱԿ-ին՝ խորհրդարան մտնելու հարցում, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում` օգնել: Եթե նման միտումներ էլ լինեն, ես չեմ կարող մեր տարածքայինի որեւէ անդամի բացատրել, որ գիտես ինչ, մի քիչ պասիվ եղիր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գա երկու-երեք ընտրող ավել ստանա»: ՀՀԿ փոխնախագահը հավելեց նաեւ, որ օգնելը պետք է լինի հետեւյալ կերպ՝ հասարակության առջեւ պիտի պայմանավորվածություններ ձեռք բերվեն, թե իշխանությունն ու ընդդիմությունն ի՞նչ են ուզում անել եւ ինչ խնդիրների շուրջ: «Սա կլինի օգնություն: Բայց ես համոզված եմ, որ երբեք ու երբեք, մի խնդիր գոյություն չունի, որի շուրջ իշխանությունները բանակցեն ՀԱԿ-ի հետ: Որովհետեւ մենք ասում ենք Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ ՀՀՇ համագումարում ասվում է՝ դե լավ, ոչինչ թող լինի, մի քիչ լավ ձեւով, որպեսզի Հայաստանի զարգացումը ապահովվի: Այսինքն, հասարակության առջեւ գաղափարներն արդեն միանգամից իրար հակառակ գնացին»:

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը ՀՀՇ համագումարից առաջ մամուլում հայտարարել էր. «Եթե ՀՀՇ-ն ցուցակ ներկայացնի` խորհրդարանում տեղեր կունենա: ՀՀՇ-ն, բայց ոչ` ՀԱԿ-ը»: ՀՀԿ փոխնախագահը հավելել էր նաեւ, որ «ՀՀՇ-ն այն քաղաքական ուժն է, որ բավական լուրջ քաղաքական գործիչներ ունի: Իսկ քաղաքական գործիչների տեսակետները կարող ես չընդունել, բայց քաղաքական գործիչներն են ընտրություններն ուղղորդում եւ հաջողության հասցնում»:

Այսօր տեղի ունեցած ասուլիսում Գալուստ Սահակյանն ասաց, որ ՀՀՇ համագումարը ցույց տվեց, թե այդ կուսակցության վերաբերյալ նախապես արված իր դիտարկումներն այլեւս ժամանակավրեպ են:

Նշենք նաեւ, որ նույն Գ. Սահակյանը բազմաթիվ անգամ կանխատեսել է, որ «Ժառանգությունը» հաջորդ ընտրություններում չի լինի խորհրդարանում եւ հիմա նա հայտարարում է, որ ՀԱԿ-ը նույնպես չի լինի խորհրդարանում: Այսինքն, ըստ նրա, հաջորդ խորհրդարանում ընդդիմություն չենք ունենալու: