Վանաձորում 2013թ.-ի հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը պահանջում է վերսկսել դատաքննությունը կամ կայացնել արդարացման դատավճիռ: Այս մասին ապրիլի 17-ին կայացած դատական նիստին իր պաշտպանական ճառում ասել է փաստաբանը:
«Մեր առաջին պահանջն է, որ դատաքննությունը վերսկսվի եւ նշանակվի կրկնակի փորձաքննություն: Եթե ոչ, ապա միակ ճիշտ որոշումն արդարացնելն է»,- NEWS.am-ին ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նա նշեց, որ ապրիլի 21-ին նշանակված նիստին վերջին խոսքով հանդես կգա Վլադիմիր Ղուկասյանը, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ:
Նշենք, որ Վլադիմիր Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ որպես բժիշկ-վիրաբույժ, իր մասնագիտական պարտականությունները դրանց նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարել է ոչ պատշաճ եւ անզգուշությամբ առաջացրել բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ 2013թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 15-ամյա Դավիթ Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է: Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին ժամը 19.20-ի սահմաններում Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարեւանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին, որից հետո վերջինս հիվանդանոցում մահացել է: Գործն արդեն դատարանում է: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:





























