Աշխարհի փոխչեմպիոն Վեսելին Տոպալովի մենեջեր Սիլվիո Դանաիլովը մեկնաբանել է հավակնորդների մրցաշարից հրաժարվելու մասին շախմատիստի հայտարարությունը:

«Մեզ ճիշտ չեն հասկացել: Տոպալովը չի հրաժարվում խաղալ Ռուսաստանում: Նա կմասնակցի Խանտի Մանսիսկում կայանալիք շախմատային օլիմպիադային եւ կլինի Բուլղարիայի հավաքականի առաջին համարը:  Տոպալովը հրաժարվում է Ռուսաստանի տարածքում խաղալ ռուսաստանցի շախմատիստի հետ, եթե այդ մրցամարտը կապված է աշխարհի չեմպիոնի տիտղոսի հետ: Հավանականությունը, որ Կազանում Տոպալովը կմրցի ռուսաստանցի գրոսմայստերի հետ, մեծ չէ: Դրա համար անհրաժեշտ է հասնել եզրափակիչ»,- Դանաիլովին է մեջբերում «Սպորտ-Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել էր, որ չի մասնակցի աշխարհի չեմպիոնի համար հավակնորդների մրցաշարին, եթե այն կայանա Բաքվում, որից հետո որոշում կայացվեց այդ մրցաշարը Բաքվից տեղափոխել ռուսական Կազան: Դրանից հետո արդեն բուլղարացի Տոպալովը հայտարարեց, որ չի մասնակցի այդ մրցաշարին, եթե այն կայան Ռուսաստանում: