Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ճարտարապետ  Սաշուր Քալաշյանը, համահեղինակի իրավաժառանգ՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյան եւ ճարտարապետ   Լ. Մկրտչյանը հայտարարություն են տարածել։

«Մեծագույն ափսոսանքով ու նաեւ վրդովմունքով ենք տեղեկացնում, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացիկ միջոցառմանը համայն աշխարհին ներկայանալու ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տիրույթում օրերս ապօրինաբար  ու անհայտ հեղինակմամբ  հայտնված, մեծաչափ ու անհեթեթ մի՝ իբր ժամանակավոր «Տաղավարով» , որն անհանդուրժելիորեն խաթարել  ու  գռեհկորեն նսեմացրել է Հուշահամալիրի   գեղագիտական  կեսդարյա անաղարտ կերպարը, աղճատել նրա ամբողջական դիտաընկալման տեսահորիզոնը: Այս իրողությունը հերթական ու վառ վկայությունն է մեր իրավազանց իշխանավորների մշակութային սնանկության, եւ ազգային արժեքների հանդեպ օրըստօրե ուժգնացող քամահրանքի:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ոչ միայն մեր՝ հեղինակ քաղաքացիներիս, այլ համայն հայության հոգեւոր ու նյութական սեփականությունն է, եւ նրա նկատմամբ ամեն մի անխոհեմ ոտնձգություն  արձագանքվելու է  բոլորիս հոգիներում:

Ուստի  կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր դեռ  սնվում ու հպարտանում են    ազգային արժեքներով,  անհապաղ այցելել հուշահամալիր, ականատես լինել իրադրությանը  եւ օր առաջ միանալ  բողոքարկման գործընթացին»,- ասվում է հայտարարության մեջ: