Արտյոմ Կարապետյանի՝ («Շեկո») սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանին առաջիկայում «Նուբարաշեն» ՔԿՀ-ից կտեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ: ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահին սպասում են տեղաբաշխման, հանձնաժողովը կորոշվի, թե որ ՔԿՀ-ում նա կկրի իր հետագա պատիժը:
Վահե Ղուկասյանի տեղափոխման հարցը կլուծվի դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո՝ 20-օրյա ժամկետում: Որպեսզի տեղաբաշխման հանձնաժողովը քննարկի հարցը, անհրաժեշտ է համապատասխան գրություն Վճռաբեկ դատարանից: Մեր տեղեկություններով՝ մինչեւ ամսվա վերջ կլուծվի Վահե Ղուկասյանի պատիժը կրելու վայրի հարցը, նրան, ամենայն հավանականությամբ, կտեղափոխեն «Արթիկ» ՔԿՀ՝ հաշվի առնելով, որ նա Գյումրիից է:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Վահե Ղուկասյանին դատապարտել է 17 տարվա ազատազրկման, փաստաբանը վճիռը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում, որն այն անփոփոխ է թողել: Վճռաբեկը բողոքը վարույթ չի ընդունել, նրանք պատրաստվում են դիմել ՄԻԵԴ:




























