Նախորդ տարվա դեկտեմբերին դիրքերում նռնակի պայթյունից մահացած զինծառայող Դավիթ Քոլոյանի հարազատները կարծում են, որ գործով կալանավորված շարքային զինծառայողներն ու ավագ լեյտենանտը կատարվածի համար մեղավոր չեն։ Հարազատները, որոնք Դավիթի մահվան  ինքնասպանության վարկածին չեն հավատում, պահանջում են ազատ արձակել կալանավորվածներին եւ բացահայտել Դավիթին սպանողներին:

«Իրենք երեքն էլ շատ խեղճ ընտանիքներից են, խելոք երեխեք են: Ասում են, թե քֆուրով են խոսել իր հետ, դրա համար են բռնել: Բայց էդպես որ լինի, բոլորին, որ քֆուրով են խոսում իրար հետ, պետք է բռնեն: Մենք ոչ մի բողոք չունենք այդ երեխաների դեմ: Վստահ ենք, որ կատարվածում իրենք մեղքի բաժին չունեն: Կատարվածի մեղավորությունն ուղղակի գցում են էդ երեխեքի վրա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթի հորաքույրը՝ Աննա Քոլոյանը:

Հարազատներն իրենց պահանջը նամակով հայտնել են նաեւ ՀՀ նախագահին եւ Պաշտպանության նախարարին:

«Բողոքել ենք պաշպանության նախարարին եւ նախագահին, որ մեր երեխայի վրայից հանեն ինքնասպանի անունը»,- ասաց Դավիթի հարաքույրը՝ նշելով, որ իրենց նամակներին պատասխանել են, հորդորել են սպասել մինչեւ գործի  քննության ավարտը:

Դավիթի հարազատները կարծում են, որ նախաքննությունը դիտավորյալ ձգձգվում է, նրանք համոզված են, որ ինչ-որ մեկը վերժխնդիր է եղել Դավիթից եւ սպանել է նրան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում հարազատները նշել էին, որ Դավիթն իրենց ասել է, որ խնդիրներ է ունեցել իր ավագ լեյտենանտ Գեւորգ Գեւորգյանի հետ:

Հիշեցնենք, որ Դավիթ Քոլոյանի մահվան դեպքով ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով  (անձին  ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ: Դավիթ Քոլոյանի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մ.Բաբայանը եւ երկու շարքային զինծառայող։ Մ.Բաբայանը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու, իսկ շարքային զինծառայողները՝ Քոլոյանի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով ծաղրուծանակի ենթարկելու մեջ:

Հիշեցնենք, որ 1995թ. ծնված Դավիթ Քոլոյանը բնակվում էր Երեւանում, տան միակ արու զավակն էր, գարնանը պետք է զորացրվեր: