Մոտ ժամանակներս Հայաստանի հասարակական կազմակերպությունները կդիմեն Հայաստանի կառավարությանն ու Ազգային ժողովին՝ ղարաբաղյան ազատագրական պատերազմի մասնակիցներին ու նրանց ընտանիքներին սոցիալական արտոնություններ տրամադրելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ։ Այս մասին հունիսի 29-ին հայտնել է օրինագծի հեղինակ, Հայաստանի վարչապետի խորհրդական, «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Համլետ Հովսեփյանը։

«Ես կոչ են անում ղարաբաղյան պատերազմի բոլոր մասնակիցներին՝ անկախ զինվորական ջոկատի ու կուսակցական պատկանելությունից, համախմբվել այս ծրագրի շուրջ, որպեսզի համատեղ ուժերով աջակցենք դրա ընդունմանը խորհրդարանի կողմից ամենասուղ ժամկետներում»,- հայտարարել է Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության պետ, «Փառապանծ մարտիկներ» ջոկատի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիշա Սարգսյանը։

Ըստ Սարգսյանի, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որը նախօրեին պարծենում էր իր բանակի սպառազինությամբ ու Ղարաբաղի վրա հարձակվելու պատրաստությամբ, «մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, իսկ դրա համար հարկավոր է բարձրացնել զինծառայողների ոգին»։

Նշենք, որ օրինագիծը , մասնավորապես, առաջարկում է պատերազմի մասնակիցներին ու նրանց ընտանիքներին տրամադրել սոցիալական համապատասխան նպաստներ ու թոշակներ, հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու, անվճար բուժսպասարկում ստանալու, բուհերում անվճար սովորելու և այլ իրավունքներ։

«Նման օրենքի անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել։ Հարցը ոչ միայն ֆինանսական աջակցության մեջ է, այլև բարոյա-հոգեբանական։ Չեմ կարծում, որ մեր առաջարկած արտոնությունների տրամադրումը մեծ հարված հասցնի երկրի բյուջեին»,- նշել է Հովսեփյանը։ Նա հայտնել է նաև, որ օրինագիծը դեռևս 2008 թվականին ուղարկվել էր խորհրդարան, որն էլ իր հերթին ուղարկել էր այն Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն վերջինս նման օրինագծի ընդունումն աննպատակահարմար էր համարել։

Հարկ է նշել, որ դեռևս 2002 թվականին Ղարաբաղյան պատերազմի վետերանների ու հաշմանդամների միությունը դիմել էր Հայաստանի Ազգային ժողովին՝ ղարաբաղյան պատերազմի վետերանների ու նրանց ընտանիքների նկատմամբ արտոնություններ սահմանող օրենք ընդունելու խնդրանքով, որին էլ մոտ ժամանակներս նմանատիպ օրենքի ընդունման անհրաժեշտությունը հաստատող պատասխան էր ստացել, սակայն մինչ օրս այդ գործին ընթացք չէր տրվել։